Ծառուկյանի փեսայից կբռնագանձվի վերջինիս միլիարդների հասնող ապօրինի գույքը. դատարանն արդեն երկրորդ վճիռն է կայացնում

Ծառուկյանի դստերից և փեսայից կբռնագանձվի 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույք, Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամաս, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմս։ Վճիռը հակակոռուպցիոն դատարանը կայացրել է հուլիսի 1-ին։


2015-2018 թթ. Կոտայքի մարզպետ աշխատած Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։ Այս քրեական գործից հետո Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը նրա ունեցվածքի մասով ուսումնասիրություն սկսեց՝ 2020 թվականի հոկտեմբերին։ 2022 թվականի հոկտեմբերին արդեն դատախազությունը  հակակոռուպցիոն դատարան ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում։ Սույն թվականի հուլիսի 1-ին արդեն դատարանը հրապարակեց վճիռը։


Դատարանը, սակայն, պահանջը մասնակի է բավարարել։ Հայցադիմումում եղել են այլ գույքեր ևս՝ մասնավորապես չի բավարարվել մեկ անշարժ գույքի մասով  և մեկ այլ ընկերության տրամադրված փոխառության պահանջի  իրավունքի բռնագանձման մասով պահանջը։


Պատասխանողների ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանը Civic.am-ին հայտնեց, որ վճիռը բողոքարկելու են։


Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով արդեն երկրորդ վճիռն է։ Առաջին վճռով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ «Պոլիտրանսպորտ» ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 190 մլն դրամ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան